Պայթյուն և փլուզում Գեղարքունիքի Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար

Պայթյուն և փլուզում Գեղարքունիքի Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տանտիրոջ և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում