Հայաստանում համակարգիչների օգտատերերը 3-րդ եռամսյակում ավելի հաճախ են բախվել վեբ-գրոհների, ավելի հազվադեպ՝ այլ կիբերսպառնալիքների

Հայաստանում համակարգիչների օգտատերերը 3-րդ եռամսյակում ավելի հաճախ են բախվել վեբ-գրոհների, ավելի հազվադեպ՝ այլ կիբերսպառնալիքների

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ այս տարվա երրորդ եռամսյակը հիմնականում նշանավորվել է համակարգիչների հայաստանցի այն օգտատերերի բաժնի նվազմամբ, որոնք ենթարկվել են տարբեր տեսակի կիբերգրոհների։ Բացառություն են դարձել համացանցի միջոցով գրոհները, որոնք կտրուկ ուժգնացել են։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,6%-ի մոտ, և այդ ցուցանիշը չի փոխվել 2020-ի հուլիս-սեպտեմբերի համեմատ։

2021-ի երրորդ եռամսյակում ծածկագրող-շորթող ծրագրերի գրոհների բախվել է երկրում գտնվող օգտատերերի 0,23%-ը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նման օգտատերերի մասնաբաժինը կազմել է 0,26%:

Հայաստանում էլ ավելի է կրճատվել այն օգտատերերի մասնաբաժինը, որոնք ենթարկվել են թաքնված կրիպտոմայներների գրոհների. եթե ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին այն հավասար էր 0,63%-ի, ապա 2020 թվականի երրորդ եռամսյակում՝ 1,06%-ի։

Ինչ վերաբերում է ինտերնետի միջոցով գրոհներին (վեբ-գրոհներին), ապա դրանք 2021-ի հուլիս-սեպտեմբերին գրանցվել են համակարգիչների օգտատերերի 8,93%-ի մոտ՝ մեկ տարի առաջվա 4,95%-ի դիմաց:

Նվազման միտում է նկատվել տեղային սպառնալիքների ոլորտում (վնասաբեր ծրագրեր, որոնք սարք են ներթափանցում տարբեր շարժական կրիչներից, օրինակ՝ USB-ֆլեշերից կամ հիշողության քարտերից). Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը 2020-ի երրորդ եռամսյակի 23,71% ցուցանիշից նվազել է մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի 21,93% ցուցանիշը:

Ընկերության փորձագետները կիբերգրոհների զոհ չդառնալու համար անհատ օգտատերերին խորհուրդ են տալիս չանցնել սոցիալական ցանցերի, փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով ու թերահավատորեն վերաբերվել շահավետ առաջարկներով ցանկացած հաղորդագրության, իրենց բոլոր օգտահաշիվների համար օգտագործել տարբեր հուսալի գաղտնաբառեր և սարքում տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։

Կորպորատիվ օգտատերերին խորհուրդ է տրվում աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբերգրագիտության դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ, կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում ՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար, կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը, քանի որ նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները, ինչպես նաև համալիր պաշտպանության համար օգտագործել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում