ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը
ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։
Հավելենք, որ Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է հավանաբար 364 թվականին:
Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։
Կարծիքներ