ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
Մայիսի 27-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների ավարտին Իրենա Դիմիտրովային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։
Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
Նույն օրը բուլղարական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Կարծիքներ