ՄԱԿ-ը դատապարտել է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտում է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները:
Այս մասին ասված է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ։
«Այս հարձակումը սարսափելի ազդեցություն ունի Իսրայելի խաղաղ բնակչության վրա: Քաղաքացիները երբեք չպետք է դառնան հարձակման թիրախ:
Ես նաև նշում եմ, որ իսրայելական ուժերը պատասխանել են ավիահարվածներով խիտ բնակեցված Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Ես կոչ եմ անում նրանց ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝ այնտեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ասված է փաստաթղթում։
Ֆոլքեր Թյուրքը միաժամանակ տարածաշրջանի բոլոր կողմերին և առանցքային երկրներին դիմել է լարվածությունը թուլացնելու կոչով՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Իսրայելի հարավային և կենտրոնական հատվածներում հնչել էին օդային հարվածների ազդանշաններ: Թել Ավիվում հակաօդային պաշտպանության գործողություններ էին կատարվել:
ՀԱՄԱՍ-ը վերջին տարիների ամենամեծ հարձակումն է ձեռնարկել՝ Գազայի հատվածից հրթիռներ արձակվելով Իսրայելի ուղղությամբ։
Կարծիքներ