Ազատազրկված հղի կանայք, կերակրող և երեխա խնամողները ունեն հատուկ պաշտպանության կարիք․ ՄԻՊ

Ազատազրկված հղի կանայք, կերակրող և երեխա խնամողները ունեն հատուկ պաշտպանության կարիք․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ կանանց, մասնավորապես ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ «Այս թեմայի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններն էին նաև պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նշված հետազոտության իրականացումն ու այս քննարկումը՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ միջազգային գործընկերներ, պետական իրավասու մարմիններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ ՔԿՀ-ներում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում ընդգծում եմ իմ հանձնառությունը` հնարավոր բոլոր գործիքակազմերով աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը»։

Պաշտպանը խնդիրների հաղթահարման տեսանկյունից կարևորել է պետության դերակատարությունը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թեև կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կան էական փոփոխություններ և զարգացումներ, բայց մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում