Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է:
1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր:
Հայերի ցեղասպանությանը հաջորդեց Թուրքիայի մյուս ժողովուրդների՝ հույների, եզդիների, քրդերի, ասորիների և այլ էթնիկ խմբերի ցեղասպանությունը, կոտորածը և տեղահանումը:
Ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված այդ ոճրագործության վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքների և գնահատականների բացակայությունը հիմք ծառայեց հետագայում նմանատիպ հանցագործությունների կրկնության համար։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեական Հոլոքոստը և նացիստների կողմից իրականացված սլավոնական ժողովուրդների, գնչուների ու այլ ազգերի ցեղասպանությունը դրա վառ վկայությունն են։
Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև հետևողականորեն խոչընդոտում է նաև այլ երկրներում դրա ճանաչմանն ուղղված գործընթացը։ Ավելին, այսօր էլ այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ինչի վառ օրինակ է Թուրքիայի ավելի քան ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի նախապատրաստմանը և բուն ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։
Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, նրանց պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
Մենք հետևողական ենք լինելու Մեծ եղեռնի միջազգային ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման գործում»:
Կարծիքներ