Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար. ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր:
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաև կրթական հաստատությունները:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները:
ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանն իր հերթին ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:
Կարծիքներ