Ուսուցչի լավակեցությունը պետք է դառնա նրա մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս. Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի լավակեցությունը պետք է դառնա նրա մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս. Ժաննա Անդրեասյան

Վիճակագրությունը ցույց է տալիս. որ ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։ Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ մենք շեշտադրում ենք այն հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում։

Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են այսպես կոչված մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։

Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։

Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։

Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում