Իրանում համաներում է շնորհվել աշնանային ցույցերի 22 հազար մասնակցի
Իրանի իշխանություններն ազատ են արձակել աշնանային հակակառավարական ցույցերի 22 հազար մասնակցի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյին։
«Այս պահին 2022 թվականի մարտի 21-ից տարբեր հոդվածներով դատապարտված 82.000 մարդ համաներվել է, և այդ թիվը կարող է աճել: Նրանց թվում կա անկարգությունների 22.000 մասնակից»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim-ը։
Նրա խոսքով, տարբեր հոդվածներով ևս 34 հազար դատապարտյալների պատիժը փոխվել է: Ծանր հանցագործությունների և գողության համար մեղավոր ճանաչված անձինք համաներման մեջ չեն ներառվել։
Փետրվարի 5-ին Irna գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ներում է շնորհել «տասնյակ հազարավոր» բանտարկյալների՝ ի պատիվ Իսլամական հեղափոխության տարեդարձի, ներառյալ նրանց, ովքեր ազատազրկման են դատապարտվել հակակառավարական ցույցերին մասնակցելու համար:
Անկարգությունները սկսվել էին անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանները Ամինին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար, իսկ հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, ինչից էլ մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց է հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին՝ նշելով, որ նրա վրա վնասվածքներ չեն եղել:
Կարծիքներ