Արքայազն Հարրին փորձում է հաշտվել հոր հետ. The Mirror
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, որոշել է հոր՝ Չարլզի հետ կարգավորել հարաբերությունները Սասեքսի դուքսերի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո: Այդ մասին գրում է ՌԻԱ ՖԱՆ-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մարտի սկզբին Հարրին և նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի համար:
Նրանց խոսքով՝ թագավորական ընտանիքից ինչ-որ մեկը, բայց ոչ թագուհին կամ արքայազն Ֆիլիպը, անհանգստություն է հայտնել Մարքլի ապագա երեխայի մաշկի գույնի հարցում, և որ Մարքլի մոտ ժամանակ առ ժամանակ ինքնասպանության մտքեր են առաջացել:
Արքայազն Չարլզը չի կարողացել հանդուրժել որդու և հարսի հրապարակային վիրավորական ելույթը թագուհու ամուսնու՝ այժմ հանգուցյալ արքայազն Ֆիլիպի ծանր հիվանդության ժամանակաշրջանում: The Mirror հրատարակության քաջատեղյակ աղբյուրները պատմել են, որ Հարրին փորձ է արել իր հոր հետ հաշտվել պապի մահվանից հետո:
«Նա հորը խիստ անձնական նամակ է գրել, որպեսզի փորձի ամեն բան ուղղել, բայց լարվածությունը դեռևւս պահպանվում է: Իրավիճակը չի հաջողվել այնպես կարգավորել, ինչպես դա ցանկանում էր Հարրին»,-նշել են Սասեքսի դուքսի շրջապատի աղբյուրները:
Նրանց խոսքով՝ արքայազնը Չարլզին բացատրել է, թե ինչ պատճառով է վայր դրել թագավորական պարտականությունները, ինչպես նաև հավատացրել, որ կպահպանի հարգանքը միապետության և Բուքինգհեմյան պալատի նկատմամբ:
Կարծիքներ