Կհստակեցվեն ԱԱԾ տնօրենին վերապահվող լիազորությունները. նախագիծ
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում օրենքների դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներին, ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընթացքում պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները (այդ թվում` ծառայության համար սահմանված տարիքային առավելագույն սահմանափակումները) կկանոնակարգվեն առավել հստակ` հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարևորությունը:
Կլուծվեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը: Օրենքով կհստակեցվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահվող լիազորությունները` համապատասխան իրավահարաբերությունները գերատեսչական իրավական ակտերով կանոնակարգելու առումով:
Առաջարկվող նոր լուծումներն ուղղված կլինեն նաև ազգային անվտանգության մարմիններում իրականացվող ծառայության նկատմամբ պատշաճ զգոնություն և անձնական առավել բարձր պատասխանատվություն սերմանելուն:
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը և Արթուր Խաչատրյանը մտահոգիչ են համարել ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մտահոգող հարցը կարգավորվում է դեռևս 1996 թ. ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով:
Անդրանիկ Սիմոնյանի պարզաբանմամբ՝ առաջարկվող կարգավորումների արդյունքում չի լինելու նոր մոտեցում, քանի որ այն արդեն կար վերոնշյալ օրենքում:
Կարծիքներ