Հայաստանում գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 1,5 տոկոս
Հայաստանում 2020 թվականին գյուղատնտեսական արտադրության աճը 2019 թվականի համեմատ կազմել է 1,5 տոկոս բուսաբուծական արտադրանքի արտադրությունը 2,3 տոկոսով ավելացնելու հաշվին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:
«Ագրոարդյունաբերական համալիրն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ռազմավարական ոլորտներից է: Բոլոր երկրները մշակում և իրականացնում են մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանող հետևողական քաղաքականություն: 2020 թվականին գյուղատնտեսական հատվածում արձանագրված դրական միտումները ոչ թե մեկ տարվա, այլ ոլորտում իրականացվող պետական հետևողական քաղաքականության և մասնավոր ներդրումների արդյունք են: Դրա արդյունքում ոլորտը հինգ տարվա ընթացքում աճել է 1,5 անգամ: Ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում աճել են 2015 թ.-ին 10,7 մլրդ դոլարից մինչև 16,0 մլրդ դոլար 2019 թվականին»,- Քամալյանը:
Քամալյանի խոսքով՝ արդյունքում 5 տարում (2015 – 2020 թթ.) ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 11,4 տոկոսով, իսկ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ՝ 2,3 տոկոս կամ մինչև 114,4 մլրդ դոլար:
«Բելառուսում գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 4,9 տոկոս, ինչը պայմանավորված է բուսաբուծական արտադրանքի արտադրության 6,1 տոկոս ավելացմամբ, Ղազախստանում՝ 5,6 տոկոս, ինչպես բուսաբուծական արտադրանքի արտադրության 7,8 տոկոս աճի հաշվին, այնպես էլ կենդանաբուծական արտադրանքի 3,0 տոկոս աճի հաշվին: Ղրղզստանում և Ռուսաստանում աճը կազմել է համապատասխանաբար 1,1 տոկոս և 1,5 տոկոս հիմնականում կենդանաբուծական արտադրանքի արտադրության 2,0 տոկոս աճի հաշվին»,- գրել է Քամալյանը:
Կարծիքներ