2021թ. հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների
կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական
վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա
ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ
(հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ
643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով,
2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019
թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018
թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով:
Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների
համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված
եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը
գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 %-ով,
2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018 թվականի
հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով:
2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ,
աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝
կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս
ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ
2018 թվականին` 177 հազար դրամ: Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական
պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021
թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635
հազար: Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է
2021թ. հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021 թվականի մայիս
ամսվա ցուցանիշը: Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված
աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է
երկրի անվտանգության ապահովմանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծիքներ