Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ. պարզաբանում

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ. պարզաբանում

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբր կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է:

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու այցելուները հավաքվել էին պոլիկլինիկայի բակում և բողոքում այն որոշման դեմ, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանին:

Վերջիններիս խոսքով՝ տնօրենի աշխատանքից ազատման մասին տեղեկացել են հունիսի 3-ին. ժողով էր հրավիրել տնօրենը, որի ժամանակ էլ աշխատակիցներին ներկայացրել էր, որ իրեն առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա՝ որպես փոխտնօրեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում