50-ամյա տղամարդը գնել է մոտ 7300 գլուխ գառ եւ ոչխար, բայց վճարել է ընդամենը մոտ 130 մլն դրամ. նա կալանավորվել է
50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երեւանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ունենալով մեծ հնարավորություններ եւ կապեր՝ կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել գառներ եւ ոչխարներ, կազմակերպել դրանց մորթը եւ միսը վաճառելով ստանալ մեծ շահույթ: 60-ամյա տղամարդը, 2018թ. աշնանը ԻԻՀ քաղաքացուց տեղեկանալով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից 28.000 կգ գառի միս Հայաստանի Հանրապետություն ներմուծելու նրա մտադրության մասին, վստահելով 50-ամյա իր ծանոթին, իր հերթին ԻԻՀ քաղաքացուն վստահեցրել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը: Այդ նպատակով նա ԻԻՀ քաղաքացուց ստացել է 36.124.500 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար եւ 26.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տվել է իր 50-ամյա ծանոթին: Վերջինս ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդամենը 10.000 կգ գառի միս: 60-ամյա տղամարդը, տեսնելով, որ իր ծանոթը պայմանավորված քանակի միսը չի ուղարկում ՀՀ, պահանջել է մնացած 18.000 կգ գառի մսի գումարը՝ այն ԻԻՀ քաղաքացուն հետ վերադարձնելու նպատակով: Սակայն 50-ամյա տղամարդը չի վերադարձրել գումարը՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 43.200.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, 2019թ. ընթացքում, Երեւան քաղաքի 60-ամյա բնակիչը մեծ քանակությամբ գառներ է տարել Կոտայքի մարզում գտնվող սպանդանոց՝ մորթ կազմակերպելու նպատակով: 50-ամյա տղամարդը, տեղեկանալով նշված սպանդանոցում մորթ կատարող անձի եւ վերջինիս հոր՝ գառներ գնելու ցանկության մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով, առանց իր ծանոթի գիտության եւ համաձայնության, հոր եւ որդուն վստահեցնելով, որ ինքն ու 60-ամյա տղամարդը գործընկերներ են, առաջարկել է իրենից գնել 60 գլուխ գառ: Մորթ կատարող անձը, ոչինչ չկասկածելով, վերջինիցս գնել է 60 գլուխ գառ՝ վճարելով խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամ, որը 50-ամյա տղամարդն ամբողջությամբ հափշտակել է:
Այնուհետեւ, 50-ամյա տղամարդը, չարաշահելով Երեւանի մեկ այլ՝ 55-ամյա բնակչի վստահությունը, խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով, վերջինիս վստահեցրել է, որ զբաղվում է գառների առքուվաճառքով: 55-ամյա տղամարդը, վստահելով նրան, 2019թ. օգոստոսի 9-ից մինչեւ հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս մաս-մաս վաճառել է մոտ 7300 գլուխ գառ եւ ոչխար՝ դրանց վաճառքից հետո գումարը վճարելու պայմանով: 50-ամյա տղամարդը, վաճառելով գառներն ու ոչխարները, նրան մաս-մաս վճարել է ընդամենը մոտ 130.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մոտ 196.000.000 ՀՀ դրամը չի վճարել՝ հափշտակելով այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 178-րդ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ