Առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել Տարվա լավագույնները մրցույթի կարգի նախագիծը, որով առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը։
Մասնավորապես, այս մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ուղղված էին գնահատել ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը։ Ավելին, հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը, հաճախ գործնականում դառնում էին նաև սոցիալական խնդրի լուծման գործիք։
Կարևոր է, որպեսզի պահպանելով ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, դրան հավելենք նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։
Այս նպատակով վերափոխել ենք տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը, որի արդյունքում գնահատելու և ընտրելու ենք լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։
Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ։
Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները։
Առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:
Կարծիքներ