Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար, Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների մասին հուշագիր:
Դումանյանն ասաց, որ տվյալ փաստաթղթով երկու երկրի միջև երիտասարդության և սպորտի բնագավառներում գործուն կապերի հիմք է դրվում:
«Մեր գործունեությունը կծառայի նաև Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես կանցնենք գործնական քայլերի»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը և հավելեց, թե հավատում է, որ շուտով կլինեն նաև արդյունքներ:
Վարդինե Օհանյանը կարևորեց Լիբանանի և Հայատանի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն երկու ժողովրդի միջև հրաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է:
«Այս համագործակցությունը «ոսկե առիթ» եմ համարում հայերի և լիբանանցիների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հույս ունեմ, որ գործնական քայլերը մոտ ապագայում կսկսվեն»,- ասաց Օհանյանը:
Խոսելով լիբանանցի երիտասարդների առջև ծառացած խնդիրներից՝ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը նշեց, որ դրանք տնտեսական են:
«Մեր երկրի քաղաքական անկայուն վիճակը իր անդրադարձն է ունենում երիտասարդների վրա, նրանք հաճախ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ երիտասարդների համար աշխատանք չկա և նրանք իրենց ներուժը չեն գտնում Լիբանանում, այդ պատճառով մեկնում են արտասահման»,- ընդգծեց Օհանյանը և հավելեց, որ իրենց լուրջ խնդիրներից է լիբանանցի երիտասարդների արտագաղթը:
Վերջինս կարևորեց նաև այն, որ ստորագրված փաստաղթի շնորհիվ երկու երկրների միջև տեղի կունենա փորձի փոխանակում:
Կարծիքներ