Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն դեսպան Ջուն Յամադա,
Հարգելի՛ բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի Ազգային օրվա՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քսանինը տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեր ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն: Մեր երկրների կառավարությունները զգալի ջանքեր են գործադրել հայ-ճապոնական գործընկերության զարգացման համար:
Մեծ կարևորություն ենք տալիս Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության հետագա ամրապնդմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության առաջխաղացման, ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման ու բնապահպանական կարողությունների զարգացման գործում:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը հարավկովկասյան տարածաշրջանում և գնահատում է Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս կապակցությամբ մեծապես գնահատելի է Ճապոնիայի կառավարության որոշումը 3,6 մլն. ԱՄՆ դոլարի չափով մարդասիրարական օգնություն տրամարդելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժածներին:
Ճապոնիան իր պատմական փորձով ապացուցել է, որ պատերազմների հետևանքների հաղթահարման լավագույն ուղին կայուն խաղաղության հաստատումն է և մարդկային կարողությունների զարգացումը: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը կիսում է Ճապոնիայի հետ ժողովրդավարության, հասարակական ազատության ու արժանապատվության ընդհանուր արժեքներն ու սկզբունքները, որոնք լրացուցիչ խթան են մեր երկրների և ժողովուրդների փոխգործակցության համար:
Մեր ժողովուրդների պատմությունն արձանագրել է նաև փոխօգնության և մարդասիրության դրսևորումներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում հայ-ճապոնական միջմարդկային սերտ կապերի համար: Այդպիսի մի դրվագ էր 1922թ. Զմյուռնիայում ճապոնական «Տոկեի Մարու» նավի կողմից տեղաբնակ հայերի փրկության փաստը, որի մասին երախտապարտ հիշողությունները պահպանվել են փրկվածների սերունդների կողմից:
Մեր երկրներին հուզող հարցերի շուրջ Հայաստանը և Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում: Հայաստանն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ու գնահատում Ճապոնիայի դերը գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ու կայուն զարգացման օրակարգի առաջխաղացման գործում: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի մոտեցումը զարգացած ու զարգացող երկրների, ինչպես նաև տարբեր մշակույթների միջև «կամուրջ» ծառայելու հարցում:
Հայաստանի կառավարությունն արժևորում է Ճապոնիայի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակներում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, ինչպես նաև արտոնյալ վարկեր:
Այս բոլոր ծրագրերը, անկասկած, տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին զգալի օգնություն են Հայաստանի համար: Պաշտոնական օգնության ծավալներով Ճապոնիան Հայաստանի համար դասվում է խոշորագույն դոնոր երկրների շարքին: Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը տարիների ընթացքում նպաստել է մեր երկրի տարբեր ոլորտների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր և միջին գործարարության, մարդկային ռեսուրսների զարգացմանը, ենթակառուցվածքների և կարողությունների ավելացմանը: Միաժամանակ, մենք տեսնում ենք տնտեսական կապերի աճի և տարբեր ոլորտներում համագործակցության ավելի մեծ ներուժ:
Վերջում, կուզենայի կրկին շնորհավորել մեր ճապոնացի բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ և խորին շնորհակալություն հայտնել դեսպան Յամադային՝ հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Կեցցե՛ Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը»:
Կարծիքներ