Ոստիկանները պարզել են Աբովյան փողոցում սպանություն կատարած անձի ինքնությունը
Օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա:
«Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, տեղեկացնելով, որ մեղավորը կալանավորվել է:
Նշվում է, որ բացահայտման աշխատանքներին միացել են քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ:
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
Հոկտեմբերի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 24-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։
Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ