ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ մտածի ինչպես դիմակայել Չինաստանին
ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ մտածի այն մասին, թե ինչպես դիմակայել Չինաստանին, չնայած Ռուսաստանը կմնա Դաշինքի հիմնական հակառակորդը այս տասնամյակում: Այս մասին ասվում է «ՆԱՏՕ 2030» զեկույցում, որը պատրաստել է, այսպես կոչված, «իմաստունների» խումբը, որը հայտնվել է Դաշինքի նպատակի եւ արդիականության վերաբերյալ աճող կասկածների պայմաններում, հայտնում է Reuters-ը:
«Չինաստանն այլեւս բարենպաստ առեւտրային գործընկեր չէ, որի վրա հույս էր դնում Արեւմուտքը: Սա մեր դարի աճող ուժն է, եւ ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի»,- ասել է ՆԱՏՕ-ի մի դիվանագետ, ով տեսել է զեկույցը` մատնանշելով Չինաստանի ակտիվությունը Արկտիկայում եւ Աֆրիկայում եւ նրա խոշոր ներդրումները եվրոպական ենթակառուցվածքում:
ՆԱՏՕ-ի պատասխանի մի մասը պետք է լինի Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիական առավելության պահպանումը եւ համակարգչային ցանցերի ու ենթակառուցվածքների պաշտպանությունը, ասել է դիվանագետը՝ վկայակոչելով զեկույցը:
Զեկույցում ասվում է, որ դաշինքը կարող է նաեւ ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկված երկրների հետ, ինչպիսին է Ավստրալիան, եւ ավելի շատ ուշադրություն կենտրոնացնի տիեզերքում զսպմանը, որտեղ Չինաստանը զարգացնում է իր ակտիվները։
ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Չինաստանին ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարության՝ «Ռազմավարական հայեցակարգի» պաշտոնական փաստաթղթում ներառելու հարցը՝ չնայած դա թույլ չի տա երկրին հակառակորդ հայտարարել:
Զեկույցի մյուս առաջարկություններում ներառվում է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ավելի կանոնավոր հանդիպումների առաջարկ եւ գլխավոր քարտուղարի՝ որպես միջազգային միջնորդի դերի բարձրացման կոչ:
Զեկույցը ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները կքննարկեն նախքան հաջորդ տարի դաշինքի պետությունների ղեկավարներին ներկայացնելը:
Կարծիքներ