Լուկաշենկոն հայտնել է երկրում նոր ընտրությունների անցկացման պայմանը

Լուկաշենկոն հայտնել է երկրում նոր ընտրությունների անցկացման պայմանը

Բելառուսում նոր ընտրություններ կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ Բելառուսի ժողովուրդը համապատասխան որոշում կկայացնի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է tass.ru-ն։

«Մեզնից ոմանք նոր ընտրություններ են պահանջում։ Երաշխավորում եմ ձեզ՝ նոր ընտրություններ տեղի կունենան այն ժամանակ, երբ դուք ընդունեք այդ որոշումը»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաև ուշադրություն է հրավիրել «արևմտյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականության վրա»:

«Գերմանացիները երեկ մտահոգ էին և իրենց խորհրդարանում որոշում են կայացրել մեր՝ բելառուսներիս, փոխարեն։ Նրանք ամերիկացիներից կպահանջե՞ն արդյոք կրկնակի ընտրություններ անցկացնել։ Ես կհետևեմ, թե գերմանացիներն ինչպես են ամերիկացիներից պահանջում նոր ընտրություններ անցկացնել»,- ընդգծել է նա։

Բելառուսի նախագահը բելառուսներին կոչ է արել ինքնուրույն վերլուծել տեղի ունեցող իրադարձությունները և դրանից ելնելով ձևավորել իրենց կարծիքը:

«Ես ուզում եմ, որ դուք մտածեք ձեր գլխով։ Մտածեք և եթե որևէ կարծիք եք արտահայտում, փաստարկներ բերեք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Բելառուսն ու երկրի ժողովրդին իր «կցորդը» դարձնել»։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում