ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ. ՊՆ
Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։
Կարծիքներ