Gucci-ի հայազգի մոդել Արմինե Հարությունյանը՝ միջազգային մամուլի էջերում
Ամերիկայի Ձայն
Հայազգի մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքին տեսքը անցյալ շաբաթ Իտալիայում համաժողովրդական բանավեճ է առաջացրել գեղեցկության չափանիշների, նորաձևության տենդենցների շուրջ: Այդ մասին գրել է Forbes ամսագիրը:
Թեև 23-ամյա հայուհին արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci-ի պոդիումներում, սակայն նրա ընդգրկումը Gucci-ի կազմած աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների և ամենագեղեցիկ կանանց ցուցակում հանկարծակի ուշադրություն է առաջացրել նրա շուրջ:
Արմինե Հարությունյանն արդեն «ծանոթ դեմք» է Gucci ցուցադրություններում: Այդուհանդերձ, ինչպես գրել է հայտնի ամսագիրը, իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննադատության ալիք է բարձրացել նրա «անսովոր» արտաքինի շուրջ: Մեկնաբանողները քննադատել են նրա արտաքին տեսքը և կասկածի տակ դրել՝ արդյոք աղջիկը կարող է մոդել լինել:
Արմինեի դիմագծերը կոպիտ են՝ երկար քթով, խիտ հոնքերով և խորը, մուգ աչքերով: Gucci-ի ստեղծագործական ղեկավար Արեխանդրո Միշելը ընտրեց գեղեցկության ընդունված չափանիշներին չհամապատասխանելու հանգամանքը՝ վերջին տարիներին ասպարեզ հանելով «չգնահատված» գեղեցկությունը:
Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազզին Instagram-ի միջոցով փորձել է բացատրել արդյունաբերության մեջ գեղեցկության ստանդարտների այս էվոլյուցիան: Նա գրել է. «Այսօր մոդելները շատ հաճախ «գեղեցիկ» չեն, նորաձևության աշխարհն ունի 20, 30 տարի առաջվա լեզուն: Կերպարներն ու դեմքերը ընտրվում են ըստ իրենց նշանակության, նրանք այլևս հանդիսատեսի էրոտիկ ֆանտազիաների մարմնացում չեն»:
Քննադատությունների թիրախում հայազգի մոդելը հայտնվել էր այն ժամանակ, երբ առաջին անգամ մասնակցել էր նորաձևության հայտնի ցուցադրություններից մեկին: Նրա արտաքինը քննադատվեց նաև հայրենիքում: Աղջկա հասցեին հնչող հազարավոր մեկնաբանություններից էր նաև պլաստիկ միջամտության դիմելու առաջարկները:
Ի պատասխան իր հասցեին ուղղված բացասական մեկնաբանությունների, Արմինե Հարությունյանը իտալական ազգային La Repubblica թերթի հետ զրույցում ասել է. «Մարդիկ վախենում են ամեն ինչից, ինչը տարբեր է: Ինձ համար «գեղեցիկ լինելու շատ տարբեր ձևեր կան»: Տարբերվող արտաքինով մոդելը որոշել է անտեսել բացասական մեկնաբանությունները. «Ավելի լավ է տարբերվել, քան համապատասխանել ուրիշներին, նույնիսկ եթե դա բոլորի համար հասկանալի չէ: Իմ խորհուրդն է կենտրոնանալ ինքդ քո վրա, թե ով ես դու և ինչ ես իսկապես սիրում»:
Արմինեի՝ քննարկումների թիրախում կրկին հայտնվելու փաստն անգամ իտալական Gucci-ի որոնումները Google-ում վերջին շրջանում կտրուկ աճել են:
Կարծիքներ