Լինել համախմբված և օրենսդրության շրջանակներում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայ համայնքին
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին ակցիաներ կազմակերպելու հետ կապված։ Վարդան Տողանյանն իր ուղերձում նշել է, որ վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների ՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում եւ ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:
«Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։
Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը եւ արդեն իսկ լարված իրավիճակին, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում»,- ասել է Տողանյանը։
Դեսպանը կարևորում է այս իրավիճակներում ավելի համախմբված լինելը, ընդհանուր դիրքերից հանդես գալը, գործողությունների համակարգումը և ցանկացած սադրիչ դրսևորումների կասեցումը։
«Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և ռուսական իշխանությունների հետ։ Մեր ընդհանուր խնդիրն է` գործել ռուսական օրենսդրության շրջանակներում»,- եզրափակել է Տողանյանը։
Կարծիքներ