Թուրքիան մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 4,5 մլն չափաբաժին գնել Pfizer-ից
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մինչև մարտի վերջ 4.5 մլն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերել, որը համատեղ մշակել են ամերիկյան Pfizer և գերամանկան BioNTech ընկերությունները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Վերջինս մեկնաբանել է, որ կորոնավիրուսի դեմ այդ պատվաստանյութը ստեղծել են երկու էթնիկ թուրքեր, որոնք սկզբից ևեթ ցանկություն են ունեցել այն կիրառել Թուրքիայում:
«Խնդիրն արտադրության պատասխանատվության մեջ էր: Բանակցությունների ընթացքում այդ հարցը մասամբ հաջողվել է կարգավորել: Մինչև մարտի վերջ ցանկանում ենք 4.5 մլն չափաբաժին գնել, այդ թվում՝ 1-1.5 մլն-ը՝ հունվարին»,- ասել է թուրք նախարարը:
Վերջինս հավելել է, որ պայմանագիրն, ըստ ցանկության, կարող է նախատեսել պատվաստանյութի 30 մլն չափաբաժնի մատակարարում:
Համաճարակի ողջ ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,1 մլն մարդ, մահացել՝ 19 115-ը:
Կարծիքներ