Եվրամիությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որի ընթացքում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:
Այս մասին գրում է Mehrգործակալությունը՝ նշելով, որ Բորելն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին, տուժածներին էլ մաղթել շուտափույթ ապաքինում։
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավարին ցուցաբերած կարեկցանքի համար։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկվել են տարածաշրջանում, այդ թվում՝ Գազայի հատվածում, վերջին զարգացումները։
Եվրամիության ղեկավարության մամուլի ծառայությունը նույնպես դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«ԵՄ-ն խստագույնս դատապարտում է Իրանի Քերման քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունը, իր համերաշխությունը հայտնում Իրանի ժողովրդին։ Այս ահաբեկչությունը հանգեցրել է ապշեցուցիչ թվով զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում։
Մենք մտքերով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:
Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ