Գյուղատնտեսական կոոպերատիվների համար կստեղծվի ավելի բարենպաստ հարկային միջավայր

Գյուղատնտեսական կոոպերատիվների համար կստեղծվի ավելի բարենպաստ հարկային միջավայր

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գյուղատնտեսական կոոպերատիվներին ևս հնարավորություն է տրվում օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամների գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս:

Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 92 «կողմ», 2 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներ:

Մինչև 2024 թվականի ավարտը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի օտարումն ազատված է շահութահարկով հարկումից: Սակայն, արտոնությունը կիրառելի է միայն այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացվում է անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանք արտադրողi կողմից, վերավաճառողների համար արտոնություն նախատեսված չէ:

Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ այդ արտոնության կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև գյուղատնտեսական կոոպերատիվը: Նախագծով սահմանվում է նաև, որ գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրվող դրամական միջոցները եկամուտ կճանաչվեն ոչ թե դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, այլ դրանց ծախսմանը կամ դրանց միջոցով ստեղծված ակտիվների գծով ծախսին համամասնորեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում