Վարչական դատավարության մի շարք գործեր նախատեսվում է քննել գրավոր ընթացակարգով
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է վարչական դատավարության մի շարք գործեր քննել գրավոր ընթացակարգով:
Առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:
«Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը: Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ», 1 «դեմ» և 22 «ձեռնպահ» ձայներով:
Կարծիքներ