Փարաքարում տեղի է ունեցել ՀՀ-ում ամենամեծ արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը
Փարաքար համայնքում տեղի է ունեցել «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, բարերարներ Նշան և Աիդա Կարայանները, պոլսահայեր, համայնքի բնակիչներ։
Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով, որից հետո թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես` Փարաքար համայնքում կրթության ոլորտում սպասվող նոր մակարդակի, զարգացման հիմքեր են դրվել:
Ներկա հյուրերի ելույթներից հետո տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը։
Դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Գրառման մեջ նաև ասված է.
«Ուրախ եմ, որ հենց Փարաքար համայնքում կկառուցվի նման առաջատար հաստատություն, որը հետագայում կհանդիսանա բազմաթիվ երիտասարդների որակյալ կրթության ստացման, համախմբման, փորձի փոխանակման և համագործակցության կենտրոն»:
Կարծիքներ