Ավազան գյուղում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ավազան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի արտաքին ցանցի գլխամասային հատվածում կառուցվել է 5 աղբյուրակապ՝ դրենաժային համակարգով, ինչի արդյունքում բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ավազանի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է դրենաժային համակարգով աշխատող 5 աղբյուրակապի եւ 210 գծամետր երկարության խողովակաշարի կառուցում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել հոկտեմբերի վերջին։ Ծրագրի իրականացումն այժմ գտնվում է ավարտական փուլում։
Աշխատանքներն իրականացրել են «Ալ-Մաք» ՍՊԸ շինարարները։
«Ծրագրի իրականացման շնորհիվ Ավազանի խմելու ջրի քանակությունն ավելացել է մի քանի անգամ, ինչի լիովին բավարար է՝ սահմանամերձ այս գյուղում մշտական ու որակյալ ջրամատակարարում ապահովելու համար»,-նշեց «Ալ-Մաք» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Փինաչյանը։
«Ավազանի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը դեռեւս աշխատում են տասնամյակների վաղեմությամբ կառուցված ջրատարներով, որոնք եւս հիմնանորոգման կարիք ունեն։ Հուսանք, որ առաջիկա տարիներին այդ ցանցերը եւս կնորացվեն»,-ներկայացրեց Ավազանի վարչական ղեկավար Սերգեյ Ծատուրյանը։
Կարծիքներ