Այսօր ժամը 9-ին կլսեք հաղթանակի մասին. ՔՊ թեկնածու Էդգար Փարվանյան
Այսօր Ապարանում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Էդգար Փարվանյանը:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Փարվանյանը, խոսելով ընտրությունների ընթացքի և իրենց հաղթանակի մասին, ասաց. «Ընտրությունների ելքը չես կարող ասել, թե ինչպես կլինի, բայց հաղթողը ժողովուրդն է լինելու: Մենք խելացի ժողովուրդ ունենք»:
Նա նշեց՝ որպես համայնքի թեկնածու հաղթելու դեպքում իր փորձն ու պրակտիկան է փոխանցելու ժողովրդին: Թեկնածուն նաև նկատեց՝ եթե ինքն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից, ուրեմն տրամաբանական է, որ իշխանության թեկնածուն ինքն է։
Անդրադառնալով նաև լրագրողի դիտարկմանը, թե վերջին օրերին Փարվանյանը հայտարարել էր, որ եթե քաղաքացիներն ընտրեն այլ թեկնածուի, ապա ընտրելու են նախկիններին, բայց ժողովուրդն էլ հակադարձում է՝ եթե նախկիններ, ապա ձեզնից նախկին չկա, քանի որ եղել եք ՀՀՇ-ական, ՀՀԿ-անդամ, Փարվանյանը պատասխանեց. «Ես կուսակցական չեմ եղել մինչև այս վերջերս։ Դա ընդամենը կուսակցական առաջադրվելու ենթատեքստ էր։ Ես ժողովրդի հետ եմ, ժողովուրդը ՔՊ հետ է։ ՔՊ-ն անպայման արձանագրելու է հաղթանակ։ Ավելի լավ է լինել ժողովրդի կողմից՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասաց նա:
Փարվանյանի համոզմամբ՝ այսօր՝ ժամը 9-ին, հայտնի է դառնալու ժողովրդի հաղթանակի մասին:
Կարծիքներ