Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիյոլ Փաշինյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Շառլ,
լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
հարգելի տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Գործընկերոջս հետ տեղի ունեցած արդյունավետ և կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ, և հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ, կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա և ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը:
Անդրադարձել ենք նաև 2020թ. ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին: Այս համատեքստում, հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին թե՛ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի, և թե՛ դրա հետևանքների մեղմման, և թե՛ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար:
Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում, կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին, լավ հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:
Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում՝ որպես առաջնահերթ գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:
Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:
Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին: Ինչպես արդեն հայտնի է, այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, որոնք ի դեպ, ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաև ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաև Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը: Այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:
Հարգելի պարոն նախագահ,
հարգելի գործընկերներ,
չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:
Այս համատեքստում հարկ է հիշատակել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կարևորությունը: Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հաայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Մենք կարևորում ենք նաև «Արևելյան գործընկերությունը», որը Եվրամիության հետ մեր հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է, և մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ»:
Կարծիքներ