Առաջատար գիտաշխատողները Իտալիայում ներկայացրել են հայկական աստղագիտական ընկերության աշխատանքները
Հուլիսի 1-5-ը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվել է Եվրոպական աստղագիտական ընկերության տարեկան համագումարը (ԵԱԸ, նախկինում՝ EWASS)։
Գիտությունների ազգային ակադեմիայից հայտնում են, որ յուրաքանչյուր տարի այն կազմակերպվում է եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ Այս տարի համագումարի ծրագիրը ներառում էր 15 գիտաժողով, 41 հատուկ նստաշրջան և 8 լանչ-նիստ։
Համագումարը միավորում է տարբեր երկրների աստղադիտարանների, աստղագիտական ինստիտուտների և համալսարանների, ինչպես նաև աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներին։
Մասնակիցների թվում էին նաև Բյուրականի աստղադիտարանի 8 աշխատակիցներ՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, առաջատար գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանը, կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը, ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը և ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։
Արեգ Միքայելյանը, Անահիտ Սամսոնյանը և Գայանե Բալեյանը հանդես եկան զեկուցումներով, իսկ մյուսները՝ գիտապաստառներով։ Արեգ Միքայելյանը նաև մասնակցեց ԵԱԸ խորհրդի նիստին, որտեղ ներկայացրեց Հայկական աստղագիտական ընկերության վերջին տարվա գործունեությունը։
Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ/EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 32 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ/ArAS)։ ՀԱԸ-ն կազմակերպել է ԵԱԸ համագումարը 2007 թվականին Երևանում։
Հաջորդ տարի ԵԱԸ համագումարը տեղի կունենա Իռլանդիայի Կորկ քաղաքում հունիսի 23-27:
Կարծիքներ