Հստակեցվել են առողջապահական ներկայիս կարիքները, քննարկվել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:
«Ներկայումս կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իսկ դրա լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների և դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր:
Կարծիքներ