Թուրքիայում սոցհարցման նոր արդյունքներ են հրապարակվել. իշխանական ուժերը զիջում են ընդդիմադիրներին
Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է անկում ապրել:
Այս մասին հայտնում է թուրքական artigercek-ը:
Սոցհարցման համաձայն՝ հարցին, թե եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժին կընտրեք, իշխող «Ժողովրդական դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանած քաղաքացիները կազմել են 39,1 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանածները՝ 42,2 տոկոս:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես եկածները կազմել են 10 տոկոս:
Այսպիսով` արդյունքներով Թուրքիայում իշխող կոալիցիան զիջում է ընդդիմությանը:
Թուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (AKP) կուսակցությունների վարկանիշը կրկին ցածր էր եղել:
Սոցհարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օգտին պատրաստ էին եղել քվեարկել հարցվածների միայն 32.3 տոկոսը, «Ազգայնական շարժում » կուսակցության (MHP) օգտին 7.8 տոկոսը (բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար):
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) պատրաստ էր քվեարկել հարցվածների 30.9%-ը, «Լավ» կուսակցության օգտին՝ (İYİ) 12.1 տոկոսը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 11.3 տոկոսը:
Կարծիքներ