Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր կնքել. EUObserver
Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի արտահանման մասին համաձայնագիր կնքել առանց որևէ պայմանի՝ նվազեցնելու Եվրոպայում ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը:
Եվրամիության և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործընկերությունը» նախատեսում է «կասպյան բնական գազի մատակարարումներ Եվրամիություն և, ամենայն հավանականությամբ, Բալկաններ», - ասվում է համաձայնագրի նախագծում, որին ծանոթացել է Բրյուսելում գործող EUObserver պարբերականը։
Փաստաթղթի համաձայն` նախատեսվում են տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումներ մինչև 2027 թվականը։ Լրատվամիջոցը նշում է, որ դրա համար կիրականացվեն շոշափելի ներդրումներ, կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։
Համաձայնագրի նախագծում կողմերը որևէ կերպ չեն անդրադառնում Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, փոխարենը հիշատակվում է «Ադրբեջանի և Հայաստանի միջև սառեցված հակամարտությունը»։ Կողմերն աջակցություն են հայտնում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգային սահմանների անխախտելիությանը։
Եվրամիության ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե երբ է հուշագիրը ստորագրվելու, սակայն հայտնել են, որ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի վերջին կմեկնի Բաքու՝ շարունակելու բանակցությունները։
Եվրոպական միությանը մոտ կանգնած EUObserver-ը շեշտում է՝ «Ադրբեջանը նավթային բռնապետություն է, որը տասնամյակներ շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, ունի մարդու իրավունքների ոլորտում աղետալի վիճակ, սակայն ԵՄ հուշագրի նախագծում այդ մասին չի նշվում»։
Այս մասին գրում է «Ազատությունը»՝ հղում անելով «EUObserver» պարբերականին:
Կարծիքներ