Մարտի 1-ից հուլիսը 1-ը էլեկտրական ինքնագլորներից տուժել է 38 քաղաքացի

Մարտի 1-ից հուլիսը 1-ը էլեկտրական ինքնագլորներից տուժել է 38 քաղաքացի

«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը: 

«Սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսը 1-ը ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:

Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:

​Հիվանդանոց դիմած բոլոր տուժածնրը, այդ թվում նաև փոխադրամիջոցները վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:

​Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի՝ տուժածների 24%-ի դեպքում հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի դեպքում՝ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի:

​Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

​Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող էական առողջապահական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում