Վարդանյանի ձերբակալությունը մեծ գլխացավանք կլինի Ալիևի համար. Լապշին
Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է երեկ Ադրբեջանցիների կողմից ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
Բլոգերն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե համեմատենք, թե ինչպես Ադրբեջանը ձերբակալեց ինձ. Ալիևի անձնական ինքնաթիռը, «քաջարի» հատուկ ջոկատայինները՝ դիմակավորված և ինքնաձիգներով Բաքվի օդանավակայանում (կար նաև հարյուրավոր զինվորականների մարդկային շղթա, մի երկու ուղղաթիռ պտտվում էին, և նույնիսկ զրահափոխադրիչ կար), հարյուրավոր լրագրողներ և... ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի շատ համեստ ձերբակալությունը Լաչինի անցակետում, մի շարք հարցեր են ծագում.
Կա՛մ ադրբեջանցիները գերագնահատել են իմ՝ որպես բլոգեր-մուրացկանի անհատականության ուժը, կա՛մ խիստ թերագնահատել են Ռուբեն Վարդանյանի կարևորությունը. երկու համեստ ոստիկաններ՝ ճմռթված համազգեստով և նույնիսկ առանց թաքցնելու իրենց դեմքերը նկարվում են Վարդանյանի հետ։ Ինձ ձերբակալեցին, կարծես Ուսամա բեն Լադենը կամ Պաբլո Էսկոբարը լինեի, բայց Վարդանյանին բերման ենթարկեցին այնպես, կարծես հինգ գրամ մարիխուանա տեղափոխող զբոսաշրջիկին բերման էին ենթարկում։
Բայց եթե լուրջ, ապա Ադրբեջանին ես պետք էի բացառապես շոուի համար։ Դժվար թե նրանք լրջորեն հույսեր էին փայփայում, որ Իսրայելը կամ Ռուսաստանի Դաշնությունը իրենց ինչ-որ բան կտան իմ փոխարեն։ Ինձ համար ոչինչ չեն տվել։ Ընդհակառակը, բացարձակապես բոլորը դատապարտեցին Բաքվին, իսկ ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը նրանց մեղավոր ճանաչեցին անօրինական ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի մեջ։ Արդյունքում, նրանք անսպասելիորեն երկինք բարձրացրին իմ իմիջն ու ճանաչումն աշխարհում, ինչը ես հիմա օգտագործում եմ՝ վնասելով հենց Ադրբեջանի հեղինակությանը։ Հսկայական քաղաքական և ֆինանսական ջանքերի գնով նրանք ինձ գնեցին Բելառուսից՝ չհասկանալով, որ ես «փտած խնձոր» եմ (քաղաքական իմաստով), հետո փորձեցին վաճառել ինձ որպես համաշխարհային նշանակության տեղեկատվական աղբյուր։ Բայց բոլորը հասկանում էին, որ սա ընդամենը «փտած խնձոր» էր, ուսապարկով անպետք բլոգեր, որի համար Բաքուն չափազանց շատ էր վճարել, և ծաղրանքով ու տարակուսանքով դիտեցին, թե ինչպես է Ադրբեջանը փորձում գոնե ինչ-որ օգուտ քաղել Լապշինի հետ կապված պատմությունից։
Ի տարբերություն ինձ, Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ոչ թե շոուի, այլ կոնկրետ առևտրի համար։ Բայց ո՞ւմ կարող են շանտաժի ենթարկել Վարդանյանով և ի՞նչ պահանջել նրա ազատ արձակման դիմաց։ Նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, և Պուտինին դժվար թե որևէ վտանգ լինի Վարդանյանի՝ Բաքվում մնալուց (ավելի շուտ, ընդհակառակը, նա դրա դեմ ոչինչ չունի), իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ իշխանությունները կնախընտրեն օգտագործել նրա անօրինական ձերբակալությունը հենց Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու համար։ Այդ դեպքում Ալիևի ինչի՞ն է պետք Վարդանյանը, եթե դժվար թե նրա դիմաց ինչ-որ բան տան, բայց ավելի շատ գլխացավանք կլինի, քան Լապշինից, իսկ եթե նա մահանա բանտում, դա ահռելի հարված կլինի Ալիևի իմիջին։ Հարցը բաց է։
Ի դեպ, տասնյակ արցախցի զինվորականներ ու քաղաքական գործիչներ հանգիստ անցան Լաչինը, ձերբակալեցին միայն Վարդանյանին, ով երբեք չէր կռվել։ Միգուցե Վարդանյանին դավաճանել են յուրայինները՝ փրկվելու հնարավորության դիմաց և հեռանալով՝ առանց իր ունեցվածքը վաճառելու և այն շահավետ կերպով Ալիևին վաճառելո՞վ։ Ժամանակը ցույց կտա։ Մի բան հաստատ կասեմ՝ նրանք, որոնք ցեխ են շպչտում ձերբակալված Վարդանյանի վրա, ով նույնիսկ չի կարող պատասխանել, հարգանքի արժանի չեն»։
Կարծիքներ