ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են դուրս գալ ԵՍԶՈՒ պայմանագրից՝ հետևելով Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին (ԵՍԶՈՒ) իրենց մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին՝ դա պատճառաբանելով ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու որոշմամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունը։
«Դաշնակիցները դատապարտում են Ռուսաստանի որոշումը՝ դուրս գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից, ինչպես նաև Ուկրաինայի դեմ նրա պատերազմը, որը դեմ է պայմանագրի նպատակներին․․․ Ճանաչելով ԵՍԶՈՒ-ի դերը՝ որպես Եվրաատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնաքար՝ միևնույն ժամանակ անընդունելի կլիներ, որ դաշնակից պետությունները հետևեն պայմանագրի դրույթներին այն դեպքում, երբ Ռուսաստանը չի հետևում դրանց», - նշվում է հայտարարությունում։
ՆԱՏՕ-ում նաև հավելել են, որ դաշինքի երկրները մտադիր են ԵՍԶՈՒ պայմանագրին մասնակցությունը կասեցնել «այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է՝ միջազգային նորմերով իրենց իրավունքներին համապատասխան»։
«Այս որոշումը լիովին պաշտպանում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները», - ասվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան խորհուրդը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի երկրները «վերահաստատում են իրենց հանձնառությունը ռազմական ռիսկերի նվազեցմանը և միջադեպերն ու հակամարտությունները կանխելուն»:
Նոյեմբերի 7-ին ժամը 00:00-ին Ռուսաստանն ավարտել է ԵՍԶՈՒ պայմանագրից դուրս գալու ընթացակարգը։
Կարծիքներ