Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմն այս պահին քանի գերի ունի
Այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների ճակատագրին:
Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ –ի դիրքորոշումը մեկն է՝ բոլոր գերեվարվածները պետք է վերադառնան հայրենիք:
«Այդ հարցով մաքսիմալ ջանք պետք է գործադրել, որպեսզի օր առաջ ասյ խնդիրը լուծվի: Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության համաձայն բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն»:
Վարչապետը ցավով հայտնեց, որ մինչ այս պահը Հայաստանն ունի հաստատված 39 գերի, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն է և ճնշում ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն արձագանքելով այն պնդումներին, թե գերիների վերադարձը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսներում, ընդգծեց՝ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել.«Հումանիտար հարցերը առանց քաղաքականացման ավելի մեծ կշիռ ունեն, փոխկապակցության դեպքում հարցի նշանակությունը կնվազեցնենք»,-եզրափակեց նա:
Կարծիքներ