Ու՞ր է գլորվում այս ամենը, իսկապես վտանգավոր անորոշություն է․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել է 19 երեխա եւ 2 մեծ՝ 21 մարդ: Ընդամենը տասն օր առաջ Բուֆալոյում էր տեղի ունեցել մասսայական հրաձգություն՝ 10 մարդ էր սպանվել:
ԱՄՆ ներհասարակական խնդիրների մասին մեզանում խոսել ընդունված չէ: Մեզանում գերակա տրենդը ԱՄՆ ամենակարողությունն ու գործնականում անխոցելիությունն է, մինչդեռ էնտեղ իսկապես կան բավականին լուրջ ներհասարակական խնդիրներ, համակարգային ճգնաժամի խոռոչներ եւ օջախներ: Իսկ բանն այն է, որ այդ ամենը իր անխուսփելի ազդեցությունն է թողնում նաեւ ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության, ըստ այդմ նաեւ համաշխարհային իրադրության վրա:
Մենք չունենք բավարար պատրաստված ամերիկանիստներ, որոնք Հայաստանում բավականին կոմպետենտ կերպով կխոսեին այդ հարցերի մասին: Մենք չունենք նաեւ բավարար պատրաստված մասնագետներ, որոնք կխոսեին Ռուսաստանի ներքին հասարակական իրողությունների մասին: Կամ, եթե կան այդ մասնագետները, նրանք պահանջված չեն տեղեկատվական տիրույթում, որովհետեւ տուրք չեն տալու ԱՄՆ կամ ՌԴ հասցեին էպատաժային լեքսիկոնին, իսկ եթե չկա էպատաժ, կամ չկա ներքաղաքական նպատակահարմարություն, ապա խոսքը այսօր հետաքրքրում է քչերին:
Փոխարենը լայն սպառում ունի ասենք որեւէ կերպ չհիմնավորված «քաղաքական միտքը» կամ Ամերիկայի մոտալուտ կործանման, կամ Ռուսաստանի ջախջախման ու ոչնչացման մասին:
Մինչդեռ, այսօրվա համաշխարհային վիճակը հենց այս խոշորների էլիտաների ներքին խնդիրների ու բարդույթների հետեւանքն է: Նրանք բնականաբար փորձում են պատասխանատվությունը գցել մեկը մյուսի վրա, իսկ մեր նման հանրություններն էլ մի կողմից սպառում են նրանց տեղեկատվական պատերազմը, մյուս կողմից՝ վճարում նրանց ներքին խնդիրների ու բարդույթների գինը, դժբախտաբար՝ շատ հաճախ նաեւ վճարում կյանքով:
Բայց, խնդիրները խորացել են այն աստիճան, որ էլիտաների պայքարի համար կյանքով վճարում են նաեւ այդ երկրների քաղաքացիները: Ու՞ր է գլորվում այս ամենը, իսկապես վտանգավոր անորոշություն է» ,-գրել է նա։
Կարծիքներ