Հայաստանում վերջին տասնամյակներին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250 C-ով
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը և Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ամփոփել են Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման ոլորտում առկա իրավիճակը, ներկայացրել հաշվետու ժամանակաշրջանում գույքագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետությունում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին թե՛ օդի ջերմաստիճանի, և թե՛ տեղումների շեղումներն աճել են՝ բազիսային ժամանակահատվածի նկատմամբ:
Համաձան ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային IV հաղորդագրության՝ Հայաստանում վերջին տասնամյակներին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.250 C-ով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14 %-ով: Նույն տվյալների համաձայն ՝ օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100թ․ կբարձրանա 4.70C-ով, իսկ տեղումները 8.3%-ով։ Օրենսդրական կարգավորումների շրջանակում բանախոսներն անդրադարձ են կատարել ոլորտը կարգավորող կարևոր փոփոխություններին՝
- Ամրագրվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից։
- Ամրագրվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջ 2024 թվականի հունվարի 1-ից։
- Նախատեսվել է արգելք Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար։
- Ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը։
- Ընդունվել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, համաձայն որի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կիրականացվի ավելի հստակ ու մատչելի, օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու պահանջին և մեկնաբանել հնչող տեսակետները և կարգի դրույթները։
Կարծիքներ