Դրամաշնորհային աջակցություն Ճապոնիայի կառավարությունից
2021 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության Grassroots ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:
«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (Այ Էս Էս Դի) ՀԿ նախագահ Մխիթար Ավետիսյանի միջև:
«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց դեսպան Ֆուկուշիմայի և «Հայաստանում ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանի միջև: Արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանը։
«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» նպատակն է Արմավիրի մարզում և շրջակա գյուղերում բարելավել կոշտ թափոնների կառավարման համակարգը՝ տեղադրելով աղբի տեսակավորման 220 աղբաման Արմավիր քաղաքում/գյուղերում և վերամշակելով հավաքված թափոնները: Հավաքված թափոնները կվերամշակվեն և կվերածվեն օգտակար գրենական պիտույքների, որոնց մի մասը անվճար կտրամադրվի առաջին դասարանցիներին։ Արդյունքում՝ ծրագիրը կունենա ավելի քան 35000 շահառու:
«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» նպատակն է բարձրացնել առողջապահության մակարդակը, սանիտարահիգիենիկ կանոնների և վերամշակված ջրի օգտագործման ուսուցումը Մեծ Պարնիի դպրոցականների շրջանում: Ծրագիրը նախատեսում է Մեծ Պարնիի դպրոցում երեք զուգարանների ամբողջական վերականգնում և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում` մաքրված կեղտաջրերն օգտագործելով այգիների ոռոգման համար: Արդյունքում՝ ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։
Կարծիքներ