ԿԳՄՍՆ-ն դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:
Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացնել 378 մլն 318 հազար 400 ՀՀ դրամ գումար:
Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:
Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2023 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։
Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են` վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցականների համար 2 ծրագրերի (ամառային հանգստի կազմակերպում) իրականացման փորձ, նյութատեխնիկական համապատասխան միջոցներով ապահովվածություն և այլն:
Հայտեր կարող են ներկայացնել գնումների և դրամաշնորհների պետական համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները։ Նշված համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով անձը մուտք է գործում www.armeps.am հասցեով գործող կայք և լրացնում համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրում է համակարգ: Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում:
Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով չեղյալ է համարվում, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս պարագայում պետք է իրականացնել նոր գրանցում:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության https://www.minfin.am/hy կայքում հրապարակված՝ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում:
Հայտ ներկայացնող մասնակիցը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման հավելվածին համապատասխան, որն իր մեջ պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,
հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին hրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ, ճամբարի գտնվելու վայրը,
հայտատու կազմակերպության կողմից վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցահասակ երեխաների թվով 2 ծրագրի ամառային հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերի, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն),
տեղեկատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԱՊԱԿՈՒ) երեխաների հանգիստը կազմակերպելու հնարավորության մասին,
միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը՝ ժամը 12:00-ը:
Կարծիքներ