Ռուսաստանում ձեռնարկությունների գրեթե մեկ երրորդը կանգնած է աշխատողների դեֆիցիտի շեմին

Ռուսաստանում ձեռնարկությունների գրեթե մեկ երրորդը կանգնած է աշխատողների դեֆիցիտի շեմին

Ռուսաստանում գործազրկության մակարդակը հասել է պատմական նվազագույնի: Բաց թափուր աշխատատեղերը այժմ երկրում ավելի շատ են, քան նրանք, ովքեր պատրաստ են դրանք զբաղեցնել։ Արդյունաբերական ոլորտը կադրերի ռեկորդային պակաս է զգում. ձեռնարկությունների գրեթե մեկ երրորդը կանգնած է աշխատողների դեֆիցիտի շեմին։ Ռուսաստանի տնտեսության համար կադրերի պակասը լուրջ ռիսկ է դարձել։

Ապրիլին Ռուսաստանում գործազրկության մակարդակը մարտի համեմատ 3,5 տոկոսից նվազել է մինչև 3,3 տոկոս։ Երկու թվերն էլ պատմականորեն ցածր են, երկրում դեռ երբեք գործազրկության նման մակարդակ չի եղել:

Երկարաժամկետ հեռանկարում աշխատաշուկայի դեֆիցիտը կվնասի Ռուսաստանի տնտեսության արդյունավետությանը և արտադրողականությանը: Գործատուները բարձրացնում են աշխատավարձերը ոչ թե այն պատճառով, որ մարդիկ սկսել են ավելի լավ աշխատել, այլ այն պատճառով, որ աշխատող չկա։ Բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ հեռացել են երկրից դեռ ամիսներ առաջ և ժամանակավոր կամ հիմնական բնակության անցել այլ երկրներում, որոնցից մեկն էլ, օրինակ, Հայաստանն է:

BBC-ն ներկայացրել է, թե որտեղից է Ռուսաստանում կադրերի պակասը և ինչպես է դա ազդում տնտեսության վրա։

Հիմնական պատճառներից մեկը ժողովրդագրական փոսն է, որում Ռուսաստանը հայտնվել է պատերազմի սկսվելուց շատ առաջ։ Քիչ սերունդներ են մտնում աշխատաշուկա, քանի որ 1990-ականներին և 2000-ականների սկզբին համեմատաբար քիչ երեխաներ են ծնվել երկրում:

Ցածր գործազրկությունն ու աշխատավարձերի արագ աճը, մի կողմից, հնարավորություններ են բացում բնակչության մի մասի համար, մյուս կողմից՝ փակում դրանք։

Աշխատավարձերի գերազանցող աճ այժմ նկատվում է պետական կառավարման և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված արդյունաբերական ոլորտներում, օրինակ՝ օպտիկա, էլեկտրոնիկա և պատրաստի մետաղական արտադրություն։

Սա հեռու է ամբողջ տնտեսությունից, բայց նույնիսկ դա ներկայիս իրավիճակում կօգնի վերականգնվել ճգնաժամից՝ սպառման աճի պատճառով, հայտարարել է Bloomberg Economics-ի Ռուսաստանի գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Իսակովը՝ զգուշացնելով, որ ճիշտ է, այդ դեպքում ընկերությունների համար դա սպառնում է նվազեցնել շահույթը. բիզնեսն ավելի քիչ կվաստակի, քանի որ ավելի շատ կծախսի անձնակազմի վրա։

Տնտեսագետներն այժմ չեն ցանկանում երկարաժամկետ կանխատեսումներ անել և խոսել ապագայի տեսլականի մասին: Տեսականորեն աշխատավարձի բարձրացումը, երբ այն չի ապահովվում աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, բացասական է տնտեսության համար. երկարաժամկետ հեռանկարում նման տնտեսությունը դառնում է ավելի քիչ մրցունակ, քանի որ դրանում արտադրվող ապրանքներն ավելի թանկ են, քան մյուս երկրներում:

Մրցունակության կորուստը միշտ էլ այլ երկրների զարգացման տեմպերից հետ մնալ է նշանակում: Ճիշտ է, այստեղ Ռուսաստանի վրա շատ ավելի ընդգծված գործոններ են ազդում, օրինակ՝ պատժամիջոցները, որոնք սահմանափակում են ապրանքների և տեխնոլոգիաների ներմուծումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում