Երկու կյանք խլած վթար Վարդենիսում․ վիրավոր երեխաները սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները շարունակում են բուժվել Հանրապետության միակ մանկական պոլիտրավմայի կենտրոնում: Չնայած եղանակային վատ պայմաններին ու մառախուղին՝ բուժկենտրոնի բժիշկները երեխաներին սանավիացիայի ուղղաթիռով են տեղ հասցրել: Ամեն վայրկյանը թանկ է եղել:
Այս մասին հայտնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ երկու կյանք խլած վթարից 10-ամյա աղջնակը ստացել է գանգուղեղային տարբեր վնասվածքներ, գանգի կոտրվածք, արյունազեղում, թոքերի երկկողմանի սալջարդ, ձախակողմյան թոքի պատռվածք, ողերի կոտրվածքներ, ձախ բազկոսկրի կոտրվածք:
Բուժկենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, 2-3 աստիճան կոմայով, միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այժմ շնչում է ինքնուրույն, առկա է քիչ, բայց դրական դինամիկա: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստանում համապատասխան բուժում նաև նյարդավիրաբուժական, կրծքային վիրաբուժական ու վնասվածքաբանական բաժանմունքների մասնագետների կողմից:
6-ամյա տղայի մոտ էլ առկա են եղել գանգուղեղային վնասվածներ, ուղեղի ցնցում: Նյարդավիրաբուժական բաժանմունքի հմուտ մասնագետների ջանքերի շնորհիվ տղան դուրս է գրվել բուժկենտրոնից:
Կարծիքներ