Ադրբեջանից վերադարձած գերիների գերեվարման փաստի առնչությամբ քրեական գործեր են հարուցված․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանից վերադարձած գերիների գերեվարման փաստի առնչությամբ քրեական գործեր են հարուցված, և քննվում են գերեվարվելու հանգամանքները։ Այսօր այս մասին ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հետաքննություն իրականացվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք մինչ օրս վերադարձել են ադրբեջանական գերությունից։
«Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել էր` ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։ Նա նշել էր` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։
Վարչապետն ընդգծեց՝ կա օրենք և օրինականություն, ու յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրենքի ու օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ:
«Մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը և անգիտակից կամ դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել: Օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն, այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք: Մոռանա՞նք, որ պետություն ենք: Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք՝ ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ այդպես տեղի ունենա: Այո, ամեն դեպք պետք է քննվի»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարծիքներ