Ցանկացած նախարարի հանդիպելու համար պետք էր ընդամենը իջեցնել դռան բռնակը, ոչ թե սողոսկել երկաթյա անցակետով. Ղազարյան
Ցանկացած նախարարի հանդիպելու և սուր հարց հղելու համար պետք էր ընդամենը իջեցնել դռան բռնակը և ոչ թե սողոսկել երկաթյա անցակետով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի այսօրվա հեղինակած միջադեպին:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Խուժանություն և ուրիշ ոչինչ
Անցած երկու շաբաթների ընթացքում Ազգային ժողովում ներկա են եղել բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ նախարարները և մարզպետները՝ որպես թե՛ հիմնական, թե՛ հարակից զեկուցողներ: Աշխատանքային քննարկումներ էին՝ բյուջեի կատարողականի քննարկումը:
Ցանկացած նախարար հանդիպելու համար պետք էր ընդամենը նրբորեն իջեցնել դռան բռնակը և ոչ թե սողոսկել երկաթյա անցակետով և պարզապես ցանկացած սուր հարց հղել նախարարին:
Բայց ինչպես ճշգրտորեն նկատել է նախկին նախարարը «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով»: Հենց այս սկբունքը մանտրա դարձրած խմբակը մտավ նախարարություն և ոչ մի բովանդակություն ներկայացնելով՝ ապահովեց առնվազն օրվա հումորը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը ներս էին խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։
Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել էին անվտանգության ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, մտել նիստերի դահլիճ, վիրավորել նախարարին և գետնին թափել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների մասունքների լուսանկարները:
Կարծիքներ