Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան․ ՍԴ նախագահ

Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան․ ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 

106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 28-ին, բազմաթիվ հայորդիների արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը՝ հիմնադրվեց  Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան:

Պետականությունն ու անկախությունը դիպվածի արդյունք չեն: Դրանք ազգի և ժողովրդի ինքնապահպանության, հավաքական արժանապատվության հրամայականով իրողություն դարձնելուն պատրաստ նրա հարյուր հազարավոր զավակների գիտակցված ինքնանվիրումի, հսկայական ջանքերի ու զոհողությունների շնորհիվ կերտվող անգին արժեքներ են, որոնց պահպանումն ուժերի էլ ավելի մեծ լարում և իմաստնություն է պահանջում: 

Վերջին տարիներին մեր շուրջը և մեր ներսում տեղի ունեցած իրադարձություններն ի ցույց դրեցին և՛ լավ, և՛ վատ  բազմաթիվ իրողություններ, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Այսօր մեր պետությանը նետված մարտահրավերները պարտադրում են վերստին վերգտնել մեր միասնականությունն ու կամքը՝ առանց ներքին ցնցումների հաղթահարելու մեզ նետված մարտահրավերները։ Դրանում հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալն ու այդ արժեքներով առաջնորդվելը: 

Մենք անկախության և պետականության համար չափազանց թանկ ենք վճարել և այժմ՝ ավելի քան մեկ դար անց, պետք է առաջնորդվենք ոչ թե հույզերով, այլ ինստիտուցիոնալ մտածողությամբ, և յուրաքանչյուրս մեր տեղում՝ մարդկային ու մասնագիտական բարեխղճությամբ, քրտնաջան աշխատանքով մեր նպաստը բերենք հայոց պետականության ամրացմանն ու Հայրենիքի հզորացմանը: 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ՝ ուժ և ամուր կամք  եմ մաղթում մեր իմաստուն ժողովրդին»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում